Եվրոպական Միությունը դիտարկում է SWIFT միջազգային վճարային համակարգից ավելի քան 20 ռուսաստանյան բանկեր անջատելու, ինչպես նաև ռուսաստանյան նավթի գնային շեմի իջեցման և «Հյուսիսային հոսք» գազատարների արգելքի հնարավորությունը: Պատժամիջոցների նոր փաթեթն ուղղված է Մոսկվայի վրա ճնշումն ուժեղացնելուն՝ ՈՒկրաինայի դեմ պատերազմը դադարեցնելու նպատակով։ ԵՄ պատժամիջոցները պահանջում են բոլոր անդամ պետությունների աջակցությունը և կարող են փոփոխվել, նախքան դրանք պաշտոնապես կառաջարկվեն և կընդունվեն։               
 

Մոսկվան, Անկարան ու Թեհրանը միմյանց ընդառաջ են գնում Սիրիայում

Մոսկվան, Անկարան ու Թեհրանը միմյանց ընդառաջ են գնում Սիրիայում
16.12.2016 | 23:48

Anadolu թուրքական գործակալությունը հաղորդում է, որ Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավոշօղլուն տեղեկացրել է Մոսկվայում, դեկտեմբերի 27-ին Ռուսաստանի, Թուրքիայի ու Իրանի ներկայացուցիչների հանդիպման մասին` սիրիական կարգավորման հարցով: Նրա խոսքով՝ «Մենք հնարավորն անում ենք, որ սկսվեն քաղաքական կարգավորման և հաշտության բանակցություններն ամբողջ Սիրիայում, առաջիկայում այդ ջանքերը կշարունակվեն»: Ճիշտ է, նախարարը չի ճշտել հանդիպման ձևաչափը և մասնակիցների կազմը: Իդեալական տարբերակը կլիներ Մոսկվայում հանդիպումը պետությունների ղեկավարների մակարդակով: Գուցե այդ թեման քննարկվել է Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հերթական հեռախոսազրույցում, որի ժամանակ նրանք շեշտել են «համատեղ ջանքերի շարունակման» անհրաժեշտությունը՝ «հումանիտար իրավիճակը բարելավելու նպատակով», նաև՝ «Սիրիայում իրական քաղաքական գործընթաց սկսելու»:

Այս ամենը տեղավորվում է Սիրիայի վերջին իրադարձությունների տրամաբանության մեջ, թեպետ պետք է նկատի առնել Ռուսաստանի, Իրանի ու Թուրքիայի առանցքային դրդապատճառները: 2015-ի սեպտեմբերի 30-ին Սիրիայում հայտնվեցին ՌԴ Ռազմատիեզերական ուժերը: Դա ոչ միայն փոխեց իրադարձությունների ընթացքը, այլև դարձավ Մերձավոր Արևելքում Ռուսաստանի ազդեցության մեծացման գործոն: Նկատելիորեն ամրապնդվեցին և նախագահ Բաշար Ասադի դիրքերը, թեպետ նախկինում Սիրիային ակտիվորեն աջակցում էր Թեհրանը՝ գործելով ստվերում: Այդպես փաստացի ձևավորվեց իրավաբանորեն չձևակերպված ՌԴ-Սիրիա-Իրան կոալիցիան: Այդ պահին Թուրքիայի նախագահ Էրդողանը հռետորական բացականչություն արեց. «Ընդհանրապես ի՞նչ են անում Ռուսաստանն ու Իրանը Սիրիայում: Իսկ ի՞նչ են այնտեղ մոռացել ԱՄՆ-ի զինվորները, որ ահաբեկչական կազմակերպության ուսադիրներ են կրում», և պահանջեց Ասադի հրաժարականը: Բայց Թուրքիայի ԻՊ-ի դեմ պայքարում ներքաշվելուց հետո, նկատում է թուրք բարձրաստիճան դիվանագետ Ունալ Չևիկյոզը, «Անկարան հասկացավ, որ կան շատ ավելի լուրջ խնդիրներ, քան Ասադի հեռացումը իշխանությունից», որ թույլ տվեց «Անկարային բարելավել հարաբերությունները Ռուսաստանի ու Իրանի հետ՝ Ասադի գլխավոր կողմնակիցների»: Նրա խոսքով՝ Թուրքիան չէր սկսի «Եփրատի վահան» գործողությունը՝ առանց «Ռուսաստանի կողմից կանաչ լույսի»:

Պատահական չէ, որ դա ուղեկցվում էր և ուղեկցվում է Թուրքիայի ներսում ահաբեկչական արշավների ուժեղացումով: Սա՝ առաջին:
Երկրորդ՝ քրդական ջոկատների առաջխաղացումը կանգնեցնելու Թուրքիայի ձգտումը սկսեց բարձրացնել լարումը Անկարայի ու Վաշինգտոնի հարաբերություններում, քանի որ ԱՄՆ-ը սիրիացի քրդերին համարում էր առանցքային դաշնակից ԻՊ-ի դեմ պայքարում: Հաջողություն չունեցան Սիրիայի հետ սահմանին բուֆերային գոտի ստեղծելու հարցում Վաշինգտոնի աջակցությունը ստանալու նախագահ Էրդողանի բոլոր ջանքերը՝ խանգարելու համար սիրիացի քրդերին միավորել իրենց վերահսկողության տակ գտնվող երկու շրջանները և ստեղծել սեփական պետություն Ռոջավա անունով: Սիրիացի քրդերը իրենց վերահսկողության տակ էին վերցնում և գերազանցապես արաբաբնակ տարածքները, իսկ սիրիական բանակը, որ քրդերին համարում էր չեզոք ուժ, որոշ դեպքերում նաև դաշնակից, սկսեց հարվածել քրդերի դիրքերին: Այդպես օբյեկտիվորեն սկսեցին համընկնել Էրդողանի ու Ասադի շահերը, թեպետ Դամասկոսը կարող է իր շահերի շրջանակում խաղարկել քրդական խաղաքարտը: Այստեղից էլ Էրդողանի քայլը Մոսկվայի ու Թեհրանի կողմը՝ այդ սպառնալիքը չեզոքացնելու հաշվարկով: Այստեղից է նաև տպավորությունը, որ Մոսկվան, Անկարան, Թեհրանը աստիճանաբար հավաքվում են ընդհանուր դիրքորոշման կամ դիրքորոշումների շուրջ՝ սիրիական ճգնաժամի քաղաքական կարգավորման ելքով:


DW-ի արաբական խմբագրության գլխավոր խմբագիր Ռայներ Զոլիխը գրում է, որ ստեղծված իրավիճակում ԱՄՆ-ը և ԵՄ-ն գործնականում ոչինչ չեն ձեռնարկում՝ բացի տարատեսակ նախազգուշացումներ բարձրաձայնելը, համաժողովներ հրավիրելը, որտեղ բանաձևեր են ընդունում: Նրա խոսքով՝ «հենց այդ պատճառով Հալեպի բացառիկ դեպքը Արևմուտքի սիրիական քաղաքականության չկայացածության ևս մեկ հաստատում է»: ԱՄՆ-ում նախագահական ընտրություններից հետո իշխանության վակուում է ձևավորվել: Սիրիայում հեռացող նախագահ Բարաք Օբաման ցանկանում էր խուսափել ճակատագրական սխալներից, որ գործել է Իրաքում իր նախորդը՝ Ջորջ Բուշը: Բայց Օբամայի այդ իբր թե «խաղաղ արշավի» արդյունքում ամբողջ Արևմուտքը իրականում մասնակից դարձավ սիրիական ողբերգությանը, որ մղեց Ռուսաստանին, Իրանին ու Թուրքիային համագործակցել սիրիական ուղղությամբ:


«Հալեպի հաղթանակը լուրջ նշանակություն ունի,- գրում է Le Figaro-ն:- Խոսքը երկրի երկրորդ քաղաքի վերադարձի մասին է տնտեսական, քաղաքական ու ժողովրդագրական դրոշի տակ»: «Օգտակար Սիրիա», որպես կանոն, ընկալվում է երկար միջանցքը, որ ձևավորում են երկրի գլխավոր քաղաքները՝ Դամասկոսը, Հոմսը, Համան, Դերան, հիմա արդեն և Հալեպը, որ վարչակարգի վերահսկողության տակ են, նաև մերձափնյա Լաթաքիան ու Տարտուսը: Ինչպես երբեք թուլացած ապստամբները՝ հարկադրված են եղել հիմնավորվել արևմուտքում Իդլիբ նահանգում, հյուսիսում քրդական տարածքներում և արևելքում անապատում, որտեղ ԻՊ-ը վերահսկում է Ռաքան և Դեյր էլ Զորի մեծ մասը»: Ռազմական փորձագետների գնահատականով՝ Իդլիբի համար մարտերի ելքը հիմնականում կախված է հարևան Թուրքիայի դիրքորոշումից: Մոսկվան ու Դամասկոսը ցանկանում են, որ Անկարան փակի Իդլիբի հետ սահմանը: Բայց կհամաձայնի՞ Թուրքիան, որ վաղուց դարձել է ապստամբների թիկունք (կամ այն ամենի, ինչ մնացել է նրանցից): «Էրդողանը Հալեպի վրա աչք փակեց, բայց Իդլիբը նրա համար կարևոր խաղաքարտ է»՝ գտնում է թերթը: Հարցը միայն Սիրիան չէ: Հալեպի ազատագրումը ճանապարհ է բացում Սիրիայի հարցով նոր բանակցությունների, որի մաս կարող են դառնալ Մոսկվան-Անկարան-Թեհրանը, երբ կարող է որոշվել ոչ միայն ամբողջ Սիրիայի, այլև գուցե ամբողջ Մերձավոր ու Միջին Արևելքի ապագան:
Ստանիսավ Տարասով, REGNUM


Հ.Գ. Սա էլ Բաշար Ասադի՝ ամբողջական Սիրիա ստանալու պատասխանը՝ Մոսկվան խաղի մեջ է մտցնում Իրանին ու Թուրքիային՝ բացառելու ԱՄՆ-ի ներկայությունը: Նկատի ունեցեք՝ այն պահին, երբ Թուրքիան ու Իրանը ԱՄՆ-ի հետ ունեն սրված հարաբերություններ: Սա այն պահն է, երբ Եվրամիությունը պիտի խաղի մեջ մտնի՝ կանխելու Սիրիայի բաժանումը, բայց Բրյուսելը քարացել-մնացել է Բաշար Ասադի հրաժարականի վրա, որից այն կողմ չի ներկայացնում, թե ինչ պիտի լինի Սիրիայում: Հետաքրքիր է, թե ինչպես են միմյանց հետ հարաբերվելու Անկարան ու Թեհրանը այս հարցում՝ Մոսկվան նորի՞ց պիտի արբիտրի դեր ստանձնի ու խաղարկի նրանց հակասությունները:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2021

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ